Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում ունեցած իր ելույթում հստակ գնահատականներ տվեց ոչ միայն երկու երկրների՝ Հայաստանի եւ Կիպրոսի  փոխհարաբերություններին, այլ նաեւ երկու երկրների իրավիճակին: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

«Նախագահը շեշտեց, որ այդ հարաբերությունները դեռ զարգացում կապրեն: Հայ-թուրքական հարաբերությունների շեշտադրումը նախագահի մոտ հստակ է`վարել  անկողմնակալ, առանց որեւէ նախապայմանների բանակցություններ»,-հայտարարեց Ալեքսանյանը։

Նա նաեւ անդրադարձավ Freedom House-ի կողմից Ղարաբաղին տրված գնահատականին՝ որպես անազատ երկիր, եւ նշեց, թե համաձայն չէ տրված գնահատականի հետ։ «Մենք ավելի լավ գիտենք թե Ղարաբաղում ինչ կա, ինչ չկա եւ  ինչ-որ մի կազմակերպության ասածը շատ քիչ է»,-հայտարարեց Ալեքսանյանը: Նա նաեւ առաջարկեց  ԼՂ-ին վերաբերող բոլոր գործընթացներում ցուցաբերել զգուշություն եւ չվտանգել Ղարաբաղի ազատության-անազատության հարցը: