Արտահերթ ընտրություններն ուղղակի անհրաժեշտություն են Հայաստանի համար. եւ եթե այդ ընտրությունները նախաձեռնում է իշխանությունը, ապա դա նաեւ գնահատական է այն քաղաքականությանը, որ վարել է նույն այդ իշխանությունը։ Հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

«Ընդ որում, արտահերթ ընտրություններ, նշանակում է չանել այն, ինչ մինչ այժմ արել ենք։ Ես միշտ եմ ասել եմ, որ եթե իշխանությունն  այնքան քաղաքական կամք ցուցաբերի, որ կազմակեպի ազատ եւ արտահերթ ընտրություններ, ես ուղղակի կողջունեմ այդ փաստը։ Իր այս քայլով Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի ամենալեգիտիմ, ամենաճիշտ քաղաքական գործիչը»,- ասաց Հակոբյանը։

Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին նկատեց, որ թեպետ 2008 թվականից ի վեր խոսվում է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն «արտահերթ ընտրությունը ստուգարք կամ քննություն հանձնելու ռեկտորատի որոշում չէ»:

«Սա քաղաքական լուրջ գործընթաց է եւ նորմալ, ժողովրդավար երկրներում արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ թե իշխանության կամ ընդդիմության բարի կամքի կամ պահանջի արդյունքում, այլ մի իրավիճակում, երբ սկսվում է խորը քաղաքական ճգնաժամ եւ անհնարին է դառնում կառավարում իրականացնելը։ Արտահերթ ընտրությունները հո տոնակատարություն չէ՞, որ անենք կամ չանենք»,-ավարտեց նա:

Նշենք, որ ընդդիմությունն արդեն մի քանի տարի է, ինչ շարունակում է պնդել, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ պետք է անցկացնել։