«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը չի հիշում մի դեպք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթները վատը եղած լինեն, սակայն առավել էական է, որ դրանց մեջ եղած դրույթները կյանքի կոչվեն։ Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Հակոբյանը՝ ակնարկելով Կիպրսում ՀՀ նախագահի ունեցած ելույթը։
«Եթե նախագահի ելույթների շեշտադրումներն ու տրամաբանությունը պահպանվեն, ապա առաջիկայում հնարավոր կլինի ականատես դառնալ հետաքրքիր արդյունքների։ Ճիշտ է, չի եղել մի դեպք, երբ նախագահը վատ ելույթ ունենա, խնդիրը նրանում է, թե որքանով են այդ ելույթները կյանք մտնում։ Ամեն դեպքում, մնում է հուսալ, որ այդ ելույթներն ի վերջո իրականություն կդառնան, այսինքն՝ խոսքը՝ գործ»,- բացատրեց նա։
Նշենք, որ Կիպրոս կատարած վերջին այցի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձ էր կատարել հայ-թուրքական գործընթացին եւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։ Երկրի ղեկավարը, մասնավորապես,ասել էր, որ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Սերժ սարգսյանը նշել էր. «Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի` հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Չենք համարում, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են»: Նա եւ նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ակնհայտ է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի:





























