Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարելի Հայաստանի կողմից թույլ տված «սխալ» որակել. այն նախեւառաջ կոչված էր լիցքաթափելու Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում։ Հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Ասել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի պարտություններ բերեցին եւ այդ գործընթացն ի սկզբանե սխալ էր, ազնիվ չի լինի, քանի որ այս գործընթացում Հայաստանի շահերն  ակն հայտ են։ Հակառակը, այս գործընթացն ավելացրել է Հայաստանի դիվանագիտական կշիռը»,- հավաստիացրեց Զաքարյանը։

Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ պետք էր զգուշանալ եւ հարաբերություններ չնախաձեռնել մի երկրի հետ, որին լավ չես ճանաչում եւ որը հետո պետք է խաբեր քեզ։ «Այս գործընթացի նախաձեռնությամբ եւ Հայաստանի հրավերով  Թուրքիան դարձավ տարածաշրջանային գործոն, իսկ մեր վերջին շրջանի արտաքին քաղաքականությունը՝ պարտությունների շղթա։ Այնպես որ, տղամարդկություն  կլինի, եթե Հայաստանը հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունները»,- ամփոփեց Հակոբյանը։

Նշենք,որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը: