Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ.Բ.-ն հաղորդում, ապա նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել եւ խոշտանգել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվական բաժինը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հ.Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարեւան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը՝ Հ.Բ.-ն պարանը պոկել է: Դրանից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները, նպատակ ունենալով պատժել դատապարտյալին, հարձակվել եւ ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են նրան՝ մարմնական վնասվածքներ պատճառելով:
Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում պետական ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու առերեւույթ հանցագործության դեպքի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




























