ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:
Մայիսի 3-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի եւ հաճախորդների տարհանման, ինչպես նաեւ հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել եւ այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կան արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման եւ հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես առեւտրի կենտրոնի ազդարարման ինքնաշխատ համակարգը չուներ բարձրախոսով հրդեհի մասին իրազեկելու, ներսում գտնվող մարդկանց ուղղորդելու հնարավորություն եւ հնչում էր միայն ազդարարման շչակը, անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում հրդեհի դեպքում առաջին օգնության տրամադրման վարքականոններին: Բացակայում էին տարահանման ելքերի ցուցանակները, վթարային լուսավորությունը եւ ծխահեռացման համակարգը: Շենքի ներսում առկա են հրդեհաշիջման ծորակներ, սակայն հրդեհաշիջման համար նախատեսվող ջրի պաշարը բավարար չէ: Առեւտրի կենտրոնը բավարար չափով ապահովված է կրակմարիչներով:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առեւտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը համալիր հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության ստուգումներ է իրականցնելու «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնի անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ կատարելագործել «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնի անձնակազմի եւ արձագանքող ուժերի համագործակցությունը:




























