Բացարձակ չէի կարող պատկերացնել, ես էլ շոկի մեջ եմ կատարվածից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց  «Սեքյուրիթի Դրիմի» տնօրեն Ալեքսան Զաքարյանը՝ մեկնաբանելով  HSBC բանկի վրա հարձակում գործած ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանի արարքին:

«Հենց նոր տեսա լուրերով, չէի սպասում նման  բան: Ոչ մի բացասական, վատ բան իր կողմից չեմ նկատել, շատ նորմալ աշխատում էր ոստիկանությունում բաժնի պետ էր, որը սպասարկում էր «Դրիմ Սեքյուրիթիի» գործողությունները»,- ասաց նա:

Ալեքսան Զաքարյանը նշեց, որ Դանիել Դանիելյանի հետ աշխատում են 2012 թվականից, իր տեղեկություններով՝ Դանիելյանը մեկ դուստր ունի:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: