Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մոտ 6 տրլն իեն (55 մլրդ դոլար) ծախսել իր ՌՕՈՒ-ի համար նոր կործանիչ ստեղծելու նախագծի վրա՝ 2030 թվականին հնացող F-2-ը փոխարինելու նպատակով:

Գումարի կեսը կուղղվի անմիջապես մշակմանը եւ 100 օդանավերի գնմանը, իսկ մնացյալը նախատեսվում է ծախսել սպասարկման եւ հին մեքենաները շահագործումից հանելու համար, հայտնում է Nikkei-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ առավել հավանական է համարվում ամերիկյան Lockheed Martin կորպորացիայի հետ գործարքը, որը Ճապոնիային «սթելս» տեխնոլոգիայով կործանիչների ստեղծման ծրագիր է առաջարկել, որոնք այս դասի 2 օդանավերի՝ F-22-ի եւ F-35-ի հիբրիդն են: Ընկերությունը նոր կործանիչի նախնական նախագիծը ներկայացնելուն պատրաստ կլինի այս տարվա ամռանը:

Ճապոնիայի համար չափազանց կարեւոր պայման է այն ստեղծելիս F-22-ի տեխնոլոգիաների օգտագործումը, քանի որ 10 տարի առաջ արդեն փորձել է այս օդանավերը ձեռք բերել, սակայն այդ ժամանակ ամերիկյան իշխանությունները գործարքն արգելել էին արտասահման գաղտնի ռազմական մշակումները մատակարարելու հետ կապված մտավախությունների պատճառով: Ակնկալվում է, որ հիբրիդը կարող է համակցել  F-22-ի քիչ տեսանելիության ստուգված տեխնոլոգիաները եւ  F-35-ի նորագույն սարքավորումը, որի շնորհիվ այն կարող է իր բնութագրերով գերազանցել երկու մեքենաներին էլ:

Տոկիոյի կողմից քննարկվող երկրորդ տարբերակը սեփական «սթելս» ծրագրի հետագա առաջմղումն է, որի նախագծային անվանումն է՝ Advanced Technology Demonstrator X (ATD-X): Ըստ որում՝ նման համագործակցության պայմանների համաձան, որոնք առաջադրում է ճապոնական կողմը, համատեղ կառուցված կործանիչների վրա պետք է անպայման ճապոնական շարժիչներ ու ռադարներ տեղադրվեն, եւ հնարավորության դեպքում այլ սարքեր: Նման մոտեցումը ենթադրում է մշակման գործընթացին ճապոնական ընկերությունների ավելի լայն մասնակցություն, սակայն Lockheed Martin-ի առաջարկից հրաժարվելու հավանականությունը բավականին փոքր է, քանի որ ԱՄՆ-ն Ճապոնիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է, նշում է պարբերականը: