Եթե որեւէ մեկը կասի՝ Սահմանադրությամբ նման ընթացակարգ կա, ես իմ մանդատից կհրաժարվեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝  անդրադառնալով ՍԴ անդամի ընտրության վերաբերյալ խմբակցությունների քննադատություններին, թե պետք է մրցույթով ընտրել ՍԴ անդամին:

«Չկա Սահմանադրությամբ նման ընթացակարգ եւ ֆորմալ ընթացակարգ խախտված չէ: Այլ հարց է, որ կուզենային խորհրդակցությունների արդյունքում առաջադրվեր, նախագահը թեկնածու առաջադրելուց առաջ ինչ-որ մրցույթներ աներ, թեեւ կրկնում եմ ֆորմալ ընթացակարգի խախտում չկա եւ չի էլ կարող լինել: Այլ հարց է, որ մեր շատ ՀԿ-ներ բարձրացնում են եւ մեր գործընկերներից, որ  պետք է նախօրոք ինչ-որ խորհրդակցություններ, բաց մրցույթ լիներ, դա ընդամենը բարի կամքի դրսեւորում կարող էր լիներ ներկայացնող սուբյեկտի կողմից»,- ասաց Կոստանյանը:

ՀՀԿ-ական պատգանավորը նշեց, որ ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի  թեկնածության վերաբերյալ, նրա անձի, կրթական կամ աշխատանքասյին, կամ այլ հատկանիշների հետ կապված որեւէ մեկը որեւէ առարկություն չարեց, այսինքն թեկնածուն բացարձակ առումով համապատասխանում էր»:

Գեւորգ Կոստանյանը հավելեց, որ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ 63 ձայնը չապահովվելու համար նորից  ՀՀ նախագահը թեկնածու կառաջադրի՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ չի բացառվում, որ նույն թեկնածուին առաջադրի, սակայն կարող է նաեւ այլ թեկնածու առաջադրել:

Կոստանյանը նշեց, որ հնարավոր չէ  ՍԴ անդամի ընտրության օրը փոխել, օրենսդրական նման կարգավորումներ չկան. «Ես կարծում եմ՝ նորմալ է, սա քաղաքական որոշում էր իմ խորին համոզմամբ , որովհետեւ խմբակցություններից որեւէ մեկը այդ նույն «Ծառուկյան» դաշինքը, նույն «Ելք» խմբակցությունը, իրենք չներկայացրեցին որեւէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրեցին խնդիր բացառապես ընթաակարգի վերաբերյալ»:

Լրագրողի հարցին, թե ինչու են ՀՀԿ-ական պատգամավորները բացակա եւ չեն կարողանում անհրաժեշտ ձայները ապահովել ընտրությանը, նա պատասխանեց, որ ամեն դեպքում ՀՀԿ-ն չէր կարող անհրաժեշտ ձայները ապահովել. «Երբ խոսքը 3/5-ի մասին է, մենք մեր պատգամավորներով չենք կարողանում դա ապահովել, մենք եւ ՀՅԴ-ն էլի 3/5 չի լինում, եւ հետո մեր պատգամավորները ճիշտ է, չգրանցվեցին, բայց քվեարկությանը գալու են, այսինքն մեր խմբակցության միասնականությունը էստեղ կասկածի տակ չի դրվում, այլ այն որ եթե ամբողջ կազմով էլ ներկայացված լինի մեր խմբակցությունը մենք էլի չենք կարողանում ապահովվել 3/5»:

Նշենք, որ Ազգայիոն ժողովում կազմակերպված ՍԴ անդամի ընտրություների արդյունքում միակ թեկնածու Էմիլ բաբայանը չընտրվեց, քանի որ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը: Նրա ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, մինչդեռ Էմիլ Բաբայանի օգտին քվեարկել է 51 պատգամավոր, եւս երեք պատգամավոր դեմ է քվեարկել: Ընտրությունը փակ գաղտնի էր:

Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը: