«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ», եւ դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում:
Այս առնչությամբ «Գազպրոմ» Արմենիա»-ի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Ընդ որում, բացառապես անհիմն եղանակով փորձ է արվում այդ ամենը ներկայացնել քաղաքական լույսի ներքո:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում եւ ԳԳՄ-ներում ընթանում է անձնական տվյալներ մշակող աշխատակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սույն օրենքին համապատասխան մշակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների մշակման կարգի եւ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող այլ ներքին իրավական ակտերի դրույթներին ծանոթացման գործընթացը, որը մեկնարկել է դեռեւս 2017 թվականի հոկտեմբերին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների եւ ԳԳՄ-ների անձնական տվյալներ մշակող աշխատակիցներն ուսումնասիրում են վերը նշված փաստաթղթերը, ծանոթանում դրանց պահանջներին եւ դրույթներին, ինչի վերաբերյալ ստորագրում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերին ծանոթ լինելու մատյանում:
Կից ներկայացնում ենք վերը նշված մատյանի օրինակելի ձեւի պատճեն»:





























