Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր՝ մայիսի 4-ին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը շարունակեց ներկայացնել իր ճառը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարինե Թովմասյանը նշեց, որ պաշտպանական կողմը փորձում է ամեն կերպ համոզել, որ իրենք ամեն ինչ արել, մինչդեռ դա այդպես չէ:
«Եթե Մերի Մարգարյանը լիներ դինամիկ հսկողության տակ հուլիսի 23-ից, 2 ժամը մեկ անգամ գոնե հետազոտվեր, անալիզներ հանձներ, պատկերն այլ կլիներ: Երբ հղին 35 շաբաթական եւ ավելի է, ապա նմանատիպ գանգատների դեպքում պետք է առաջին հերթին գեստոզի կասկած լիներ: Մինչդեռ Մերի Մարգարյանի դեպքում Շուշանիկ Բախշյանը որեւէ կասկած չի ունեցել, իսկ եթե չի հասկացել, ամոթ չէ, կարող էր այլ հիվանդանոց տեղափոխել կամ կոնսիլիում հրավիրել: Շուշանիկ Բախշյանը պետք է դեռ հուլիսի 23-ին նրան հոսպիտալացներ, դինամիկ հսկողության տակ պահեր»,- ասաց նա:
Տուժողի իրավահաջորդի խոսքով, հուլիսի 27-ին արված անալիզներով հնարավոր էր ախտորոշել ՀԵԼԼՓ համախտանիշը, որը, սակայն, չեն արել. «Մերի Մարգարյանին փրկելու միակ միջոցը եղել է կեսարյան հատումը, որը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում չեն արել»:
Մարինե Թովմասյանը միջնորդեց Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել առավելագույն պատժի: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում 2-6 տարով: Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով: Դատախազը պահանջել է մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին նույնպես մեղավոր ճանաչել սույն հոդվածով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով:




























