Հայաստանում ռադիոհեռուստատեսության թվային հեռարձակման գործընթացը շոշափում է հեռուստացույց ունեցող ցանկացած քաղաքացու շահերը, ուստի թվում էր՝ այդ գործընթացը պետք է առավելագույնս հրապարակային ու թափանցիկ ընթանա, սակայն դա այնքան էլ այդպես չէ։
NEWS.am-ը փորձեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից որոշ պարզաբանումներ ստանալ գործընթացի վերաբերյալ։ Ցավոք՝ պրն Ամալյանը մեր հարցադրումներին ուղարկեց խուսափողական պատասխաններ։ Հուսով ենք՝ առաջիկայում պրն. Ամալյանը հարկ կհամարի ավելի մանրամասն ու կոմպետենտ ներկայացնել թվայնացման գործընթացը։
Ստորեւ ներկայացնում ենք ուղարկված հարցերն ու ստացված պատասխանները.
Հայաստանը 2012թ. պատրաստվում է անցնել թվային հեռարձակման։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ Հայաստանի բնակչությունը եւ հեռուստատեսությունները պատրաստ են դրան:
Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականին չի պատրաստվում անցնել ռադիոհեռուստատեսային թվային հեռարձակման: Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականից ձեռնարկել է է թվային հեռարձակման գործընթացի սկիզբ:
Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում թվայնացման ճանապարհին։
Ըստ իս` խոչընդոտներ չեմ տեսնում: Հնարավոր ռիսկերի հաղթահարումը նախատեսված է «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ:
Թվայնացման անցումը ի՞նչ հավելյալ ծախսեր է պահանջում հեռուստատեսություններից եւ քաղաքացիներից։ Թվային հեռարձակում դիտելու համար ի՞նչ հավելյալ տեխնիկական միջոցներ է անհրաժեշտ ձեռք բերել:
Պահանջվող ծախսերը եւ տեխիկական միջոցները նկարագրված են «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման մեջ:
Որոշ փորձագետներ պնդում են, որ թվային հեռարձակման անցնելու հետ պայմանավորված որոշ օրենսդրական փոփոխություններ բխում են 2012 թ. խորհրդարանական եւ 2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում հեռուստատեսության վրա լրիվ վերահսկողությունը պահպանելու ցանկությունից: Ձեր կարծիքը այս առնչությամբ:
Նման կարծիք հայտնող փորձագետները` տգետ են:





























