Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչած պաշտոնական ելույթում հնչեցին շատ լուրջ, հիմնավորված գնահատականներ Թուրքիայի կողմից Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 18-ին նման հայտարարություն արեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Առաջին անգամ մեր երկրի ղեկավարը Թուրքիայի քաղաքականությունը բնութագրում է որպես շանտաժի վերածված քաղաքականություն։ Սա շատ լուրջ մեղադրանք է»,– ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից շանտաժներ միշտ են հնչել, սակայն դրանց հայկական կողմը երկրի ղեկավարի մակարդակով այս ընթացքում չէր արձագանքել։

Թուրքագետը կարեւորում է նաեւ ՀՀ նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ նշվում է, թե  Հայաստանն իրավունք ունի Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի հետ հարաբերություններում որպես նախապայման կիրառել։ Սակայն, որպես բարի կամքի դրսեւորում, հայկական կողմը չի դիմել այդ քայլին։

Սաֆրաստյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի հետեւանքով հայ–թուրքական գործընթացը կհայտնվի փակուղում, քանի որ այդ դիվանագիտությունն, ըստ նրա, վաղուց էր մտել փակուղի։

«Դեռ նախորդ տարի էր արձանագրվել, որ հայ-թուրքական  գործընթաց գոյություն չունի։ Հայաստանը նախընտրել էր Թուրքիայի հետ երկխոսությունը, եւ ոչ թե նախապայմանները»,-նշեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել էր. «Թուրքիան իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ հայ-թուրքական գործընթացի անհիմն շահարկումներով խափանեց այդ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու Հայաստանի անկեղծ առաջարկով սկսված գործընթացը»: