Երեւանի «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում շարունակվում են փոխարժեքային սպեկուլյացիները։ Երեկ՝ հունվարի 17-ին բորսայում գործարք տեղի չի ունեցել, իսկ այսօր դոլարը կտրուկ թանկացել է՝ վաճառքների շատ փոքր ծավալների պարագայում։
Բորսայում վաճառվել է ընդամենը 1,1 մլն դոլար՝ 367,01 դրամ/դոլար միջին փոխարժեքով։ Նախորդ առեւտուրը տեղի էր ունեցել հունվարի 14-ին՝ այն ժամանակ դոլարն արժեցել էր 365, 5 դրամ։
Նշենք, որ մինչ բորսայական առեւտրի ավարտը Երեւանի փոխանակման կետերում փոխարժեքը համեմատաբար կայուն էր։ Այսպես՝ այսօր դոլարը փոխանակման կետերում գնվում էր 364-ով եւ վաճառվում 367-ով։ Բորսայի փակվելուց հետո փոխանակման կետերը ստիպված են եղել բարձրացնել դոլարի փոխարժեքը եւ մեծացնել մարժան։
Այսպիսով՝ ֆոնդային բորսան վերջին ամիսներին հանդիսանում է փոխարժեքային տատանումների հիմնական դետոնատորը, սակայն այդ հանգամանքը որեւէ կերպ չի նպաստում բորսայական գործարքների ծավալների ավելացմանը։





























