Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 18-ին, տարածել են հաղորդագրություն, որտեղ առաջարկում են հղի կանանց արձակուրդի ընթացքում փոխհատուցել իրենց աշխատավարձի ողջ չափով։ Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրությունը՝ որոշ կրճատումներով.
«Նկատի ունենալով, որ ժողովրդագրական աճը Հայաստանում անվտանգության հիմնաքարերից է, եւ հավատացած լինելով, որ ծնելիության աճն ամեն կերպ պետք է խրախուսվի` առաջարկում ենք հղիության եւ ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց աշխատավարձի ողջ չափով` առանց առավելագույն շեմ սահմանելու:
Հավատացած լինելով, որ ծննդաբերող յուրաքանչյուր կին նախեւառաջ աշխատում է Հայաստանի համար եւ իր ներդրումն է ունենում Հայաստանի զարգացման եւ հարատևման գործում` առաջարկում ենք հղիության եւ ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի ողջ չափով` առանց գանձելու սահմանված պետական հարկերը եւ սոցիալական վճարները հղիության եւ ծննդաբերության արձարկուրդի շրջանում, ինչպես նաեւ հղիության եւ ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունել ոչ թե նախատեսվող 140 աշխատանքային, այլ` 140 օրացուցային օրերը:
Հաշվի առնելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի սոցիալական պաշտպանության իրավունք` առաջարկում ենք վերոնշյալ պատճառից զատ ցանկացած այլ պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր անձանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի չափով` փոխհատուցման վերին շեմ սահմանելու փոխարեն օրենքում աշխատանքային նվազագույն որոշակի փորձի պահանջ սահմանելով:
Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ ազգային ժողովը` որպես թափանցիկ կառավարում իրականացնող եւ ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվող ժողովրդավարական կառույցներ, հաշվի կառնեն շահագրգիռ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները:
Վերոհիշյալ առաջարկությունները ներկայացնելով` ակնկալում ենք հանրային քննարկումների շարքի մեկնարկ հունվարի վերջին շաբաթվա ընթացքում, եւ օրենքի փոփոխված տարբերակի շուտափույթ քննարկում եւ ընդունում ՀՀ ազգային ժողովի 2011թ.-ի գարնանային նստաշրջանում` հետադարձի ուժի սկզբունքի կիրառմամբ»:




























