Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
•դիմում նախարարի անունով / Ձեւ-2/.
•վկայական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը եւ պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ լուսանկար:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել 2011թ. հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչություն
/հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:





























