ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:
ԿԳՆ տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաեւ ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է եւ նման դրսեւորումները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա:
Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձեւավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` հարկ ենք համարում նշել, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ, որոնց վերաբերյալ կատարվել է հանրային իրազեկում:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով: Եթե առաջ են եկել նոր խնդիրներ եւս, ապա դրանց լուծման լավագայուն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով:
Ինչ վերաբերում է շրջանառվող հայտարարություններին, թե ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, հարկ ենք համարում նշել, որ նման պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պատրաստ է մասնակցել ՇՊՀ կառավարման խորհրդի արտահերթ նիստին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ի առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ մի քանի օր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:




























