Ես այստեղ եմ, որ լսեմ, դիտարկեմ, մոնիտորինգ անեմ, քանի որ որպես ԵՄ ներկայացուցիչ մենք նպատակ ունենք աջակցելու Հայաստանին, որպեսզի Հայաստանում զարգանան անկախ ու արդար դատական համակարգը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անդրիաս Ղուկասյանի դատավարության մասնակցող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք վստահ ենք, որ դա կարեւոր է Հայաստանի համար եւ պատրաստ ենք աջակցելու Հայաստանին այդ հարցում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է հատկապես այս նիստին ներկա, Սվիտըալսկին պատասխանեց. «Սա ԵՄ երկրների դեսպանությունների կողմից հավաքական որոշում է, որովհետեւ այս գործը հետաքրքրություն առաջացրեց ՄԻԵԴ-ում, միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրությանն արժանացավ, նաեւ Հայաստանի հասարակության համար կարեւորվեց: Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք դատական նիստերին ներկա լինել, նույնիսկ երբ շատ քիչ մարդիկ էին ներկա դատական նիստերին: Կարծում ենք, որ որպես ՀՀ բարեկամ, մեր պարտքն է մոնիտորինգ անել եւ մեր կարծիքը կազմել այդ հարցի շուրջ»,-հայտարարեց նա:

Սակայն Սվիտալսկին չցանկացավ կարծիք հայտնել դատական գործընթացի վերաբերյալ:

«Ես հանրային մեկնաբանություն չեմ անի, բայց ԵՄ երկրների դեսպանությունները կանոնավոր տեղեկություն են փոխանցել եւ գնահատական են տվել այս գործի շուրջ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվեց շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը եւ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: