Երեւանում գտնվող ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մտահոգիչ է համարում այն փաստը, որը մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում:

«Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին», - այսօր՝ հունվարի 18-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Թոմաս Համարբերգը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը, նա պատասխանել է. «Ես այստեղ եմ պարզելու համար, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, բացի այդ ես այստեղ քննարկելու եմ մամուլի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ զինված ուժերում տեղի ունեցած բռնությունների հետ կապված տեղեկությունները: Ես չեմ ցանկանում նախապես որեւէ եզրակացություն անել: Այս կարեւոր խնդիրների շուրջ ես պետք է դեռ խոսեմ պատասխանատու անձանց հետ», -

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10-ը սպանություններին` Թոմաս Համարբերգը, մասնավորապես, ասել է. «Մենք մտահոգիչ ենք համարում այն փաստը, որը 10-ը մարդ սպանվեց ցույցերի ժամանակ եւ մինչեւ օրս ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Ես այդ հարցը քննարկելու եմ այստեղ»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը դեռ հույս ունի՞, որ մարտյան իրադարձություններից 3 տարի անց իշխանությունները կունենան այդ քաղաքական կամքը եւ կբացահայտեն 10 սպանությունների մեղավորներին, Թոմաս Համարբերգը պատասխանել է. «Այո, իհարկե, ես հույս ունեմ, եւ դա այն հարցն է, որ ես պատրաստվում եմ տալ իշխանություններին, եւ ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կցուցաբերեն այդ քաղաքական կամքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի պիկետ էր կազմակերպել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ Համարբերգը հանդիպել է հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պիկետի նպատակն էր Համարբերգի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի վրա: Պիկետն անցել է առանց միջադեպերի, ոստիկանները չեն միջամտել ակցիայի մասնակիցների գործողություններին:

Ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիայի ավարտին ԵԽ հայաստանյան գրասենյակին են փոխանցել Համարբերգին ուղղված 50-ից ավելի նախկին քաղբանտարկյալների նամակը, որտեղ նրանք կոչ են անում նպաստել իրենց ազատազրկված ընկերների ազատ արձակմանը: