Շիրակի պետական համալսարանի 164 աշխատակիցների ստորագրությամբ բաց նամակ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նամակը հրապարակվել է բուհի ֆեյսբուքյան էջում:
Բաց-նամակում ասվում է.
«Մեծարգո՛ պարոն Ն. Փաշինյան, վերջին շրջանում ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները բուհի համար դարձել են իրական չարիք՝ խաթարելով ուսումնական բնականոն գործընթացը, վարկաբեկելով բուհի հեղինակությունը: Մինչդեռ 2016 թվականի հուլիսից բուհում տեղի են ունեցել նախադեպը չունեցող տեխնիկական վերազինումներ եւ այլ բարեփոխումներ:
Չնայած այդ ամենին՝ ամբողջ համացանցը հեղեղված է անձնական վիրավորանքներով՝ ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմին, գիտական խորհրդի անդամներին՝ մարդկանց, ովքեր ունեն մեծ վաստակ ու ներդրում գիտության տարբեր բնագավառներում:
Բուհական աշխատանքից ազատված երկու դասախոսներին, ինչպես նաեւ Գիտական քաղաքականության եւ արտաքին համագործակցության կառավարման գծով պրոռեկտորի պաշտոնից ազատված Ա. Ֆարմանյանին (շարունակում է աշխատել որպես Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ՏՏ ամբիոնի դոցենտ) առաջարկում ենք իրենց դժգոհությունը վիճարկել դատարանում, ոչ թե ուսանողներին արհեստականորեն ներգրավել անձնական շահերին միտված գործողությունների մեջ:
Միայն երեք անձ իրավունք չունի կարծիքներ եւ տեսակետներ արտահայտելու ամբողջ հանրույթի անունից՝ շահարկելով եւ խեղաթյուրելով Համաժողովրդական շարժման գաղափարախոսությունը, փիլիսոփայությունն ու փայլուն հաղթանակը:
Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, եւ խաթարել համալսարանի բնականոն աշխատանքը այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել:
Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահնջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:





























