Առաջիկա կես տարում չարժե պաշտոնական մակարդակով առաջխաղացում սպասել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում, քանի որ 2011-ի հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու:
«Իսկ Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի թուրքական ազգայնական կուսակցությունները ակտիվորեն ընդդիմանան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է Trend գործակալությունը: Միաժամանակ, նրա խոսքով, հասարակական սեկտորի հայկական եւ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, լրագրողների միջեւ շփումները շարունակվում են:
«Չնայած որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Հայաստանի եւ Թուրքիայի շարքային ներկայացուցիչների միջեւ կապերը չպետք է դադարեցվեն: Հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների բարելավումը կարող է դրական ազդել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման գործում»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայկական կողմը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններիառնչությամբ, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:





























