ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ամսաթիվը եւ վայրը որոշված են եւ հաջորդ շաբաթվա սկզբին կհայտարարվեն: Այս մասին չորեքշաբթի Հյուսիսային Կորեա կատարած երկրորդ այցից հետո լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հանդիպման ամսաթիվը եւ վայրը որոշված են...հուսով ենք հաջորդ շաբաթվա սկզբին կհայտնենք այդ մասին», —ասել է նա:
Պոմպեոն նաեւ ասել է, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեւել ավելի քան մեկ օր, եթե նրանք քննարկելու այլ բան ունենան:
«Մենք նախատեսում ենք, որ դա մեկ օր կտեւի, բայց եթե քննարկելու այլ բան լինի, ապա հնարավոր կլինի հանդիպումը երկրորդ օրն էլ շարունակել», - Ճապոնիայում գտնվող Յոկոտա բազայում ինքնաթիռի մեջ, որտեղ կանգ էր առել ԱՄՆ-ից ԿԺԴՀ ուղեւորվելու ճանապարհին, ասել է նա:
Խոսքը ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ գտնվող Փհանմունջոմ սահմանային կետի մասին չէ: Այս մասին չորեքշաբթի Սպիտակ տանը կառավարության նիստում ասել է ԱՄՆ նախագահը:
«Կհայտարարենք երեք օրվա ընթացքում», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ կհայտարարվեն հանդիպման մանրամասները:
«Այնտեղ չի լինի», - ասել է նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսքը Փհանմունջոմի մասին է:
Իր հերթին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը կարող է արդյունավետ լինել:
«Ես կարծում եմ, որ լավատեսության համար հիմքեր կա», - ասել է նա` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հատկացումների հարցերով կոմիտեի նիստում: - Այս պահին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ազատված երեք ամերիկացի քաղաքացիների հետ Փհենյանից տուն է գալիս: Սա որոշակի լավատեսություն է ներշնչում, որ այդ բանակցությունները կարող են արդյունավետ լինել »:





























