Կառավարությունն այսօր՝ մայիսի 1-ին հաստատեց Դիլիջանում  առողջարանային կենտրոն եւ հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը:

Այն ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունները կատարող Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ ներդրումային փաթեթը բաղկացած է 4 ծրագրերից. «Առաջինը առողջարանային հակատարիքային վերականգնողական բժշկական ծառայություններ իրականացնող բարձրակարգ ինտեգրված կենտրոնի ստեղծումն է՝ «Չաում Դիլիջան» բրենդի տակ: Այս կենտրոնն իր տեսակի մեջ կլինի եզակի Հայաստանում, նաեւ տարածաշրջանում: Դրա տարածքը 3-5 հա է գնահատվում: Երկրորդ ծրագիրը քաղաքային լճի հարակից տարածքի բարեկարգումն է: Երրորդը քաղաքային զբոսայգու բարեկարգումն է, չորրոդը՝ քաղաքային մարզադաշտի բարեկարգումը»:

Նրա խոսքով, ծրագրի գնահատված արժեքը մոտ 15,6 մլրդ դրամ է, որից բարձրակարգ ինտեգրված կենտրոնի ստեղծումը՝ 14 մլրդ դրամ, իսկ ծրագրի իրականացման տեւողությունը 60 ամիս է:

«Ժամկետների համար նշել ենք 60 ամիս, որովհետեւ ներդրողների հետ քննարկումները բերել են նրան, որ ավելի կոնկրետ ժամանակացույց չեն կարող ներկայացնել այս պահին»,-ասաց Տերտերյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս ծրագրի շրջանակներում, օրինակ, քաղաքային զբոսայգու հողի կարգավիճակի փոփոխություն տեղի է ունենալու, ինչին Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ զբոսայգու եւ լճի հարակից տարածքի դեպքում հողի կարգավիճակի փոփոխություն չի լինի, իսկ մասնավոր կենտրոնի շենքը կառուցելու համար նման փոփոխություն կլինի. «Պետք է ձեռք բերվի 3-5 հա հողատարածք, դրանք արդեն գնահատվում են, բոլոր հողատարածքների ձեռքբերումները ներառված են ծրագրում: Հանրային նշանակության բոլոր այդ կառույցները կմնան հանրային սեփականություն»,-ասաց նա: