Կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշմամբ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը պետք է միավորվի երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երեւանի մշակույթի պետական քոլեջին, ինչը վրդովվեցրել է էստրադային եւ ջազային քոլեջի ղեկավար Ակսել Բակունցին եւ դասախոսներին: Հենց նրանք էլ այսօր՝ հունվարի 19-ին հանդիպել են լրագրողների հետ:

Նրանք կտրականապես դեմ են երկու պետական քոլեջների միավորմանը, որովհետեւ դրանք տարբեր մասնագիտական ուղվածություն ունեն:

«Մշակույթի պետական քոլեջում սովորեցնում են հաշվապահություն, ձեւավորում, ռեժիսուրա, տուրիզմ եւ երգեցողություն, իսկ Ջազային պետական քոլեջում դերասանություն, ժամանակակից պարեր: Իսկ գլխավորը էստրադային, ջազային, ժողովրդական երգի բաժիններն են»,-ասաց դասախոսներից Անահիտ Մազմանյանը:

Ջազային քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի կարծիքով, սակայն, քոլեջների միավորման նպատակը մեկն է. Նադեժդա Սարգսյանն ուզում է իր ձեռքը վերցնել երկու քոլեջները:

«Քոլեջների միավորման հարցը ծագեց նրանից, որ մենք տեղափոխվեցինք Մշակույթի քոլեջի շենքը: Փաստորեն ստացվեց, որ մեր քոլեջը եւ մշակույթի քոլեջը մի շենքում են եւ այնտեղի տնօրենն էլ` Նադեժդա Սարգսյանը, որոշեց ինքը դառնալ տնօրեն եւ ամեն ինչ վերցնել իր ձեռքը»,-ասաց նա:

Ի դեպ, հետաքրքրական է այն փաստը, որ  Ակսել Բակունցն է եղել երգչուհի  Նադեժդա Սարգսյանի երգի առաջին ուսուցիչը:

Ջազային պետական քոլեջը 3 տարի առաջ ստիպված է եղել տեղափոխվել Մշակույթի քոլեջի շենք, որովհետեւ քանդել են երիտասարդության պալատը, որտեղ տեղակայված է եղել այն:

Ջազային պետական քոլեջի ղեկավարն ասաց, որ «եթե հնարավոր չէ քոլեջն առանձին պահել, ապա գոնե ոչ թե իրենք միանան, այլ մշակույթի պետական քոլեջը միանա իրենց»:

Դասախոսները նշեցին, որ եթե կառավարության այս որոշումը չբեկանեն, իրենք դասադուլ, ցույցեր կանեն, որովհետեւ համոզված են, որ երկու քոլեջների միացումը կկործանի ջազային պետական քոլեջը:

Նշենք, որ ջազային քոլեջի  դասախոսները որոշումից անմիջապես հետո` օգոստոսի 8-ին հանդիպել են Մշակույթի նախարարի հետ, սակայն վերջինս նրանց ոչ մի պատասխան չի տվել:

Ջազային պետական քոլեջը գործում է 1979 թվականից: Այնտեղ այսօր սովորում են 130 ուսանողներ: Քոլեջի շրջանավարտներից են երգչուհի Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Նառան, Արմեն Գեւորգյանը, Աիդա Սարգսյանը եւ այլք: