ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
Այս առնչությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ՍԱՊԾ-ն աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին եւ խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:
Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որեւէ սահմանափակում չկա:



























