Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իշխող կուսակցության հինգերորդ համագումարում ընտրվել է «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Իվանիշվիլիի թեկնածությանը համագումարի պատվիրակները միաձայն կողմ են քվեարկել։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին։ Այն մասին, որ Իվանիշվիլին պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ, ապրիլի վերջին հայտնել էր Կվիրիկաշվիլին։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իվանիշվիլիին, որ համաձայնել է ղեկավարել կուսակցությունը եւ նրան հաջողություն է մաղթել։

Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում իր կողմից ստեղծված  «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո դարձավ վարչապետ, ապա հրաժարական տվեց իր իսկ ցանկությամբ։