Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բավական հետաքրքիր է։ Այս մասին ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը։
Նա, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել խորհրդի նիստից։
Հարցին, թե ինչպես են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Նահապետյանն ասել է. «Որեւէ բան չի քննարկվել, դեռ չկա էլ ներկայացված ծրագիր, սահմանված ժամկետում կքննարկենք»։ Ըստ պատգամավորի, իրավիճակը բավական հետաքրքիր է։ «Կարծում եմ՝ ներքաղաքական զարգացումների մեջ ներգրավված յուրաքանչյուր քաղաքական միավոր պետք է կարողանա իր դիրքորոշումը ձեւավորել»,- ասել է նա։
Մեկնաբանելով փոխվարչապետերի եւ նախարարների պաշտոններում երիտասարդների նշանակմանը՝ Նահապետյանն ասել է. «Բնականաբար յուրաքանչյուր թիմ պետք է ունենա իր կադրային բանկը, երբ կարճ ժամանակ անց, երբ սկսեն աշխատել, կունենանք գնահատականներ։
Անկախ նրանից երիտասարդ են, թե ոչ, պետք է բանական որոշումներ կայացնեն ի շահ մեր պետության եւ ժողովրդի»։
ՀՀԿ գրասենյակից դուրս եկող մյուս պատգամավորներն էլ հրաժարավել են գնահատել նոր նշանակումները, նշել են, որ աշխատելուց հետո կարող են գնահատել միայն։





























