Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ եւ կլանի անդամ չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու իր աղմկահարույց որոշումը։
Նա նշել է, թե ՀՀ օրենսդրության համաձայն, ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվի այդ կամ հարակից համակարգերից որեւէ մեկը, ընդ որում, բարձր խմբի պաշտոն ունեցող որեւէ պաշտոնյա։ «Այսինքն, հնարավոր չէ համակարգից դուրս մարդ բերել եւ ոստիկանության պետ նշանակել։ Նաեւ այսօրվա օրենսդրության տրամաբանությունն է այդպիսին։
Այդ որոշումը քննարկելիս պետք է լինեին չափանիշներ»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Ճշմարտությունն այն է, որ եթե վերցնենք մեզ ու ձեզ հայտնի չափանիշներով, ոստիկանության համակարգում չկա որեւէ պաշտոնյա, որի նկատմամբ չլինեն պրետենզիաներ»։
Վարչապետի խոսքով, երկար մտածելով իր ընտրությունը կանգ է առել Օսիպյանի վրա։ «Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, եւ սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երեւույթ է։ Նա նաեւ որեւէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական։ Ոստիկանական առաջխաղացման համար ՀՀ-ում երկար տարիներ գործել են ձեզ եւ մեզ հայտնի մեխանիզմներ՝ տանիք, մեջք, թիկունք եւ այլն։ Օսիպյանը, լինելով Երեւանի վարչության պետի տեղակալ, իր կարիերան արել է փողոցներում սեւագործ աշխատանք անելով եւ այդ դիրքում հայտնվել է, քանի որ որեւէ կլանի ու կոռոպցիոն համակարգի մաս չէ։ Դրան մաս կազմողները կարողացել են սեւագործ աշխատանքից խուսափելը»,- նշել է վարչապետը։
Նա նկատել է, թե իր համար կարեւոր չափանիշը չկոռումպացվածությունն է։ «Օսիպյանը երբեմն իրավիճակից դրդված փողոցում հենց սեւագործ աշխատանքն է արել։ Հայաստանում 2007 թվականից փողոցներում գործունեություն եմ ծավալում եւ դեմ առ դեմ մեր մարտը շարունակվել է մինչեւ 2018 թվականը։ Սա էլ դարձել է ինձ համար փաստարկ Վալերի Օսիպյանի օգտին։ մենք նրան ճանաչում ենք, եւ մեր քննադատությունները պիտի օգնեն, որ Օսիպյանը լինի այն ոստիկանապետը, որն անհրաժեշտ է Հայաստանին։ Ոստիկանության առջեւ դրված են պարզ եւ հստակ խնդիրներ, ակնկալում եմ, որ Վալերի Օսիպյանը կլուծի։ Կարելի էր ոստիկանությունից մեկին նշանակել, որը հանրությանը հայտնի չէր լինի, բայց նրա թիկունքում կլինեին բազում պատմություններ։ Կոռումպացված չէ եւ կլանի անդամ չէ»։
Վարչապետը նշել է, թե Վալերի Օսիպյանի գործողություններից ինքն անձամբ է տուժել։ «Եթե իմ վիրավոր ձեռքն ու վերքերը դնենք կշեռքի մի նժարին, իսկ մյուս կողմում չափանիշները, ինձ համար նախընտրելի է երկրորդը։ Ինձ համար սիմվոլն է կարեւոր եղել, որ մենք հանում ենք ժողովրդի եւ ոստիկանության միջեւ փշալարերը։ Ուզում եմ հավաստիացնեմ, որ նրա առջեւ դրված են կոնկրետ խնդիրներ, եւ շատ արագ այդ խնդիրները պետք է լուծվեն, որ հանրությունը համոզված լինի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը»,- ասել է Փաշինյանը։
Նա նկատել է, թե ոստիկանության առջեւ մի քանի կոնկրետ խնդիրներ է դրել՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, որը ոստիկանության համար առաջնահերթություն է, կրիմինալի դեմ պայքարը, եւ ոստիկանությունը պետք է վերջ տա ամեն ինչում եւ ամենուր տուգանելու մոլուցքին, ընտրակաշառքը պետք է հիմնովին արմատախիլ արվի։





























