Ժողովուրդը սահմանադրական ճգնաժամի դեպքում իր լուծումը կտա: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, նախօրեին ազատ արձակված Գարեգին Չուգասզյանը:

«Առաջացել է տարօրինակ վիճակ, հոդվածներ կան, որտեղ ասվում է, որ երկիրը կանգնած է սահմանադրական ճգնաժամի առաջ. ժողովրդի աջակցությունը վայելող լիդերը խորհրդարանական մեծամասնություն չունի, յուրաքանչյուր փոփոխություն, որ ինքը կանի խորհրդարանում վիժեցնելու վտանգի առաջ է կանգնած»,-ասաց Չուքասզյանը:

Նրա խոսքով, իշխանությունները պնդում են, որ հեղափոխություն չի եղել, իշխանափոխություն է եղել եւ հիմա ամեն ինչ արվում է ըստ Սահմանադրության: «Եկեք չխառնենք Սահմանադրություն եւ սահմանադրականություն հասկացությունները, ժղովուրդը սուվերեն է, այսինքն գերիշխան, ինքնիշխան է, այսինքն ինքն է որոշում՝ ինչը ինչից հետո պիտի լինի: Եթե ժողովուրդը հայտարարի, որ արտակարգ իրավիճակ է հայտարարում, ապա Սահմանադրության գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է եւ դա ժողովրդի իրավունքն է, ոչ ոք չի կարող խանգարել: Այդ լուծումները կան, բայց մենք դա չենք ուզում կառավարությունն էլ դա չի ուզում, մենք ուզում ենք որ համաձայնեցված լինի ամեն ինչ, եւ ՀՀԿ-ն վերջապես հասկանա, որ ինքը կորցրել է իշխանությունը: Եթե իրենք ուզում են գալիք իշխանական համակարգում որեւէ ներկայություն ունենան, պետք է գան համաձայնության: Բոլոր էն դեպքերում, որ կան սահմանադրական ճգնաժամեր, ժողովուրդը իր լուծումը կտա»,-ասաց նա:

Գարեգին Չուգասզյանը ասաց, որ 17 օր տևած հացադուլը չի դադարեցնելու և ունի երեք պահանջ:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այնուհետև կալանավորվել, նա հետախուզման մեջ էր 2016 թվականի հուլիսից: Նա երեկ է ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, փոխվել է խափանման միջոց կալանքը: