Վերջին շրջանում Ռուսաստանում ազգային անհանդուրժողականության ալիքն աճել է, սակայն այն ուղղված չէ կոնկրետ հայ համայնքի դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ ազգայնական ալիքը, առաջին հերթին, ուղղված է հենց իր՝ Ռուսաստանի դեմ եւ մեծամասամբ վնասում է ռուսական պետականությանը, քանի որ բոլոր ժամանակներում «Ռուսաստանի ուժը կայանում էր նրա հանդուրժողականության մեջ»:
Նավոյանը ներկայացրեց Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների ավելացմանը նպաստող մի քանի պատճառներ՝ ազգամիջյան լարված իրավիճակը բացատրելով Հյուսիսային Կովկասի պարագայով։ Բացի այդ, պատճառներից մյուսն, ըստ Նավոյանի, ռուս երիտասարդության ցածր մշակութադաստիարակչական մակարդակն է, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները։
«Սակայն կրկնեմ, որ այդ ալիքն ուղղված չէ հայ համայնքի դեմ, քանի որ հայրեը կարողանում են ներգրավվել այն երկրների կենցաղի մեջ, որտեղ ապրում են»,- նշեց Նավոյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ ազգային անհանդուժողականության հողի վրա կատարված յուրաքանչյուր միջադեպից հետո Մոսկվայի հայկական կազմակերպությունները հանդես են գալիս դատապարտող հայտարարությամբ՝ իրավապահ մարմիններին կոչ անելով օբյեկտիվ լինել այդ հանցագործությունների քննության մեջ։ «Միշտ չէ, որ ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունները համապատասխան որակումներ են ստանում, դրանք հիմնականում գնահատվում են իբրեւ կենցաղային վիճաբանություններ»,- ասաց նա։




























