ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արծվիկ Մինասյանին նշանակել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

Կենսագրական տվյալներ

Արծվիկ Մինասյանը ծնվել է 1972 թվականին:

1990-1995 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։

1995-1998 սովորել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

1997-2001 սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

16.06.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։

2005 – 2007 թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2016 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 6-ը:

2016 թվականի սեպտեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում:

Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է: