Սոչիում կայանալիք Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ծանոթության բնույթ է կրում եւ բոլոր հարցերի լուծում սպասել պետք չէ։ Այս մասին հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը մայիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմաը։
Նրա խոսքով՝ միջպետական համաձայնագրերի իրականացումը խոսում է երկրի կանխատեսելիության եւ ժողովրդի պատվի մասին. «Եթե ինչ–որ բանի հետ համաձայն չեք, պետք է ժամանակի ընթացքում բանակցությունների միջոցով փոփոխել։ Բայց ինչ ստորագրված է, պետք է կատարվի»,–շեշտել է Պողոսյանը։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ ամեն երկիր առաջ է մղում իր շահերը եւ դրանով է ղեկավարվում. «Մենք պետք է սովորենք ղեկավարվել մեր շահերով՝ չնայելով, թե ով ինչ է պահանջում։ Լինել խելացի դիվանագետ։ Եթե մենք գիտենք, որ մեր շահերի առաջմղման համար պետք է ինչ–որ մեկի հետ համագործակցել, ապա պետք է դա անել»,–եզրափակել է նա։





























