ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ազատվել են ձերբակալումից քննիչի որոշման հիման վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով, քրեական գործ եղել է, նրանք ձերբակալվել են այդ գործի շրջանակներում, իսկ հետո քննիչի որոշմամբ ազատ են արձակվել:
Հարցին, թե այդ գործով նշվում էր, որ փաստեր կան, ի՞նչ եղան այդ փաստերը, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Քննվում է, շարունակվում է գործի քննությունը»:
Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է օրենքը, նա պատասխանատվության կենթարկվի՞, հարցին էլ արձագանքեց. «Օրենքի առջեւ բոլորս հավասար ենք»:
Ինչ վերաբերում է փաստերին, որ բողոքի ակցիաների ժամանակ կոնկրետ մարդիկ իջել են մեքենաներից ու հարձակվել ցուցարարների, այդ թվում լրագրողների վրա, գլխավոր դատախազն ասաց. «Բոլոր փաստերով վարույթներ են հարուցվել, իսկ բացահայտողը նախաքննական մարմիններն են»:
Հարցին, թե արդյոք վարույթներ են հարուցվել նաեւ ՀՀԿ-ականների անօրինական արարքներով, այդ թվում Առաքել Մովսիսյանի (Շմայսի) եւ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի արարքներով, դատախազը հավաստիացրեց, որ բոլոր փաստերով վարույթ ներ են հարուցվել:





























