Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թթ. Միջոցառումներն ուղեկցվելու են միջազգային կառույցների հետ համագործակցությամբ։
Այսօր՝ հունվարի 19-ին Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինայի հետ եւ քննարկել ԲՈՒՀ-երում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում համագործակցությունը:
Վեզինան տեղեկացրել է, որ ծրագիրը նախատեսում է կազմակերպել կոնֆերանս-սեմինար միջազգային փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարում միջազգային սկզբունքները եւ փորձը, անդրադարձ կկատարվի հայաստանյան խնդիրներին եւ կքննարկվեն հակակոռուպցիոն միջոցառումներում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ընդգրկման խնդիրները։
«Քանի որ մենք կոնկրետ ժամկետներում պիտի հասցնենք իրականացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի 2011-2012 թվականների միջոցառումների հետ, ցանկալի կլինի առավել կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել»,- նշել է փոխնախարարը եւ մեկնաբանել, որ բուհերի կառավարման խորհուրդները հաստատելու են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրեր, ինչպես նաեւ ընդունելու եւ հրապարակելու են տվյալ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները։
Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի հակակոռուպցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը:





























