Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այսօր` հունվարի 19-ին հանդիպել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:

Համարբերգը Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից հետո նշել է, որ վերջինիս առողջական վիճակը վատ է եւ հնարավոր է, որ վատառողջ լինելու պատճառով նրան ազատ արձակեն: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մնացած քաղբանտարկյալների մասով Համարբերգն ասել է, որ նրանք հնարավորություն ունեն իրենց ներում շնորհելու խնդրագիր ներկայացնել եւ այս կերպ ազատ արձակվել: Քաղբանտարկյալները սակայն, բազմիցս հայտարարել են, որ ներման խնդրագիր չեն գրի, քանի որ իրենց մեղավոր չեն համարում:

Նշենք, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը վաղը կհանդիպի նաեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: