Հնարավոր չէ գնալ ապստամբության ու դրա ընթացքում մարդկային կյանքեր չխլվեն: Այս մաիսն այսօր՝ մայիսի 16-ին, Շենգավիթի դատարանում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով օրինական ճանապարհներով հարցը լուծելու, ինչպես նաեւ համերաշխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է եւ եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը եւ, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաեւ զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է, եւ նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։ Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»,- ասաց նա:

Ավետիսյանի խոսքով՝ իրավունքի ու Սահմանադրության հաշվին համերաշխություն հաստատելու, ձեւական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է. «Այս պահին կարեւոր խնդիրը ապստամբներին ազատելն է, որ հեղափոխության պրոցեսը շարունակական լինի: Այլապես ռեւանշի հնարավարությունը ավելի հնարավոր է դառնում»:

Ավետիսյանը նշեց, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է:

«Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը, եւ այլն, եւ այլն: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձեւեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու եւ համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետեւ այն ազգը, որը մերժում է  ապստամբության իրավունքը եւ ուրանում է ապստամբերին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման:

Մեր ժողովուրդը հասկանում է սա ու թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները եւ ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առեւտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ եւ մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշեւիկյան գաղութատիրական համակարգի մեջ եւ խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը։ Դա տեղի չի ունենալու», - ասաց Վարուժան Ավետիսյանը: