Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան դուրս գա, պետք է վերջ տրվի տնտեսության եւ քաղաքականության սերտաճմանը, մենաշնորհացմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն, նաեւ արտահերթ ընտրություններ են պետք:

«Արտահերթ ընտրությունները կարեւոր են դառնում, եւ որքան շուտ, այնքան լավ: Կոռուպցիայի դեմ պայքարը միջազգային առումով եւս կարեւոր է ներդրումների համար, եւ Թրամփի՝ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում առաջին մաղթանքը հենց դա էր՝ իրականացնել կոռուպցիայի դեմ հաջող պայքար: Սա իսկապես լինել-չլինելու հարց է դառնում, եթե մենք ուզում ենք դառնալ նորմալ պետություն, պետք է պայքար տարվի կոռուպցիայի դեմ»,-ընդգծեց Հոկտանյանը:

Հարցին, թե չկա՞ վտանգ, որ նոր կառավարությունը եւս կսերտաժճի օլիգարխիայի հետ՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի  միջեւ համագործակցությունը, Հոկտանյանն ասաց, որ այդ վտանգը կա. «Փաշինյանը պետք է սկզբունքային եւ կոշտ պայքար մղի՝ ինչպես ինքը նշել է»:

Նրա խոսքով, նախորդ իշխանությունների ժամանակ էլ լավ օրենքներ ընդունվում էին, բայց գործնականում դրանք չէին կիրառվում. «Եթե համակարգը չի  փոխվում,  նույնիսկ խոշոր ձկան բռնելով չես վերացնում կոռուպցիան»: