Հայաստանը չպետք է մոռանա իր պատմությունը, բայց միաժամանակ պետք է նայի դեպի ապագան, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը:

Կրկին բարձրաձայնելով պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ուենցած դեպքերի մասին եւ դրանք «զանգվածային սպանդ ու հայերի բռնի տեղահանություն» անվանելով, դեսպանը խորհուրդ  է տվել Հայաստանին, չնայած դրան, առաջ ընթանալ:

«Չպետք է մոռանալ մեր անցյալը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք առաջ ընթանալու համար եւ նախադրյալներ ստեղծենք երկրների միջեւ հարաբերությունների համար»,- ասել է Լոնսդեյլը:

Միաժամանակ նա նշել է, որ Երեւանի կամ Անկարայի դիրքորոշմանը Լոնդոնի միակողմանի աջակցությունը կարող էր վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Խոսելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման մասին, դեսպանը հավաստիացրել է, որ դա Լորդերի պալատի առանձին անդամների անձնական նախաձեռնությունն է «Այդ փաստաթուղթը չի քննարկվել եւ չպետք է քվեարկության դրվեր»,- ասել է նա:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցը բրիտանական խորհրդարանում բարձրացրել էր բարոնուհի Քոքսը՝ 2010թ. մարտին: