Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքէջը տեղեկատվության մատչելիության առումով ամենաբաց ու թափանցիկն է: Սա խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազության արդյունքներն են, որն անցկացվել է Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ`սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Երկրորդ տեղում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջն է, որի թափանցիկությունը 44,65 տոկոս է: Երրորդ տեղում կրթության եւ գիտության նախարարությունն է` 41,67 տոկոս թափանցիկությամբ:
Միջին տեղերը զբաղեցնում են 15 գերատեսչությունների կայքեր, որոնց թափանցիկության աստիճանը 39,14 տոկոսից մինչեւ 25,03 տոկոս է:
Նախարարությունների եւ կառավարությանն առընթեր 23 մարմինների միջեւ անցակցված հետազոտության մեջ իրենց թափանցիկության առումով վերջին երեք տեղերն են զբաղեցնում ոստիկանության, արդարադատության եւ պետական եկամուտների կոմիտեի կայքերը:
«ՊԵԿ-ի կայքն ամենավերջին տեղում է, որովհետեւ սա մի անհասկանալի կայք է եւ ունի 3,2 տոկոս թափանցիկությունը: Կայք մտնելիս կոմիտեի մասին ոչինչ չենք կարող իմանալ: Բացում է երկու ինչ-որ բան, որի վրա պետք է քլիք անել, որպեսզի տեղկություններ իմանաս մաքսայինի մասին, իսկ մյուս վրա՝ հարկայինի մասին տեղեկություններ ստանալու համար: Ու չես հասկանում դրանք առանձի՞ն կայքեր են, միասնակա՞ն եւ ի՞նչ են իրենցից ներկայացնում»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը;
Ցուցակի մեջ չի ընդգրկվել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որովհետեւ այն կայք չունի:
Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ առանձին հետազոտվել են պետական կառավարման 5 մարմինների պաշտոնական կայքերի թափանցիկությունը, որի համար սակայն վարկանշային ցուցակ չի կազմվել:
Ըստ հետազոտության` նախագահի պաշտոնական կայքը տեղեկատվության մատչելիության առումով թափանցիկ եւ բաց է 34,44 տոկոսով, Ազգային ժողովինը` 37,80, Կառավարությանը` 41,82, Սահմանադրական դատարանինը՝ 38,38, իսկ Դատատախազությանը` 55,70 տոկոսով:
Ուսումնասիրվել է նաեւ 10 մարզպետարանների կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը: Ըստ այդմ , ամենաթափանցիկը Արմավիր մարզպետարանն է, 29,7 տոկոս, երկրորդ տեղում Սյունիքինի մարզպետարանն է` 28,34 տոկոս: 9-րդ եւ 10-րդ տեղերում Արարատի եւ Լոռու մարզպետարանի կայքերն են, որոնք ուսումնասիրության շրջանում` սեպտեմբեր, հոկետմբերի ամիսներին չեն բացվել:
Փորձագետի խոսքով, մարզպետարանների բոլոր կայքերն ունեն նույն կառուցվածքը եւ տարբերվում են միայն տեղեկատվության հագեցվածությամբ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրության մեջ ընդգրկել է Ազգային անվտանգության ծառայության կայքէջը, սակայն հաշվի առնելով ԱԱԾ-ի առանձնահատուկ կարգավիճակը, նրա վերաբերյալ արդյունքները չի ընդգրկել համեմատության աղյուսակում:
Բոլոր դիտարկված կայքերում զգացվում էր մի քանի տեսակի տեղեկատվության պակաս: Ամենից շատը բացակայում էր տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես կարելի է վիճարկել տվյալ մարմնի ղեկավարի որոշումները: Շատ քիչ նախարարությունների կայքերում կար տեղեկատվություն թափուր տեղերի, մրցույթների, իրենց իրավասությամբ անցկացվող լիցենզավորման կարգի մասին»- ասաց փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նշեց, որ կոմիտեն պատրաստ է համագործակցել, խորհրդատվություններ տրամադրել նախարությունների մամուլի ծառայություններին:
Նշենք, որ պետական կայքերի տեղեկատվության թափանցիկությունը գնահատվել է տեղեկատվության առկայության, ամբողջականության, հրատապության եւ մատչելիության չափորոշիչներով:





























