Ռուսաստանում էթնիկ ծայրահեղականության տարածումը պետք է կանխել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Հանրային պալատի անդամների հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր պետությունում քաղաքացիական խաղաղության, ազգամիջյան եւ միջկրոնական համերաշխության աջակցումը ոչ միայն մեր պետության արդիականացման պարտադիր պայմանն է: Դա, ուղղակի, պարտադիր է մեր պետությունը պահպանելու համար»,- ասել է Մեդվեդեւը:
Պետության ղեկավարն առաջարկել է քննարկել, թե ինչպես կարելի է անել դա, ինչ մեխանիզմներ կարելի է օգտագործել, որոնք դրական ազդեցություն կունենան քաղաքացիական հասարակության վրա:
Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունվարի 17-ին ընդլայնված հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավարության հետ եւ հանձնարարել մասնակցել Ռուսաստանում ազգամիջյան խնդիրների լուծմանը:
Նա կտրուկ բնորոշում է տվել ազգայնականներին եւ հայտարարել, թե քաղաքացիական աշխարհը ժողովրդավարական վերափոխումների գլխավոր պայմանն է: Հանդիպումը, սակայն, փչացրել է ՌԼԴԿ ներկայացուցիչ Լեբեդեւը: Նա հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանում ոչ մի ռուս պատգամավոր չկա, իսկ Ադրբեջանի խորհրդարանում կա միայն մեկը, ով Ադրբեջանի նախագահի մտերիմն է: «Ռոստովի, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի մարզերում ղեկավար պաշտոնների 70-80 տոկոսը զբաղեցնում են հայերը, ադրբեջանցիները, ադիգեյները, բայց ոչ ռուսները»,- վրդովվել է Լեբեդեւը:





























