Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին երկու արձանագրություն: Համաձայն սույն 9-րդ եւ 10-րդ փոփոխությունների՝ ԱՄՆ Կառավարությունը 2 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Հայաստանին մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս ֆինանսավորումը նպաստելու է Հայաստանի հետեւյալ հաստատությունների զարգացմանը եւ երկկողմ ծրագրերի իրականացմանը՝ քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր եւ Հայաստանի իրավապահ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագիր:

2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասներկու միլիոն ԱՄՆ դոլար: