Տարբեր հաշվարկների համաձայն՝ հայ-թուրքական սահմանի բացումը երկու երկրների համար էլ տնտեսապես օգտակար կլինի՝ տասնյակ միլիոն դոլարներից մինչեւ միլիարդ դոլարներ։ Այս մասին այսօր Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Նա նշեց, որ երկար տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լուրջ հետազոտություն էր անցկացնում հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքների վերաբերյալ։ «Հետազոտությունը անցկացվում էր ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի փորձագետների կողմից, ինչպես նաեւ այնպիսի լուրջ կազմակերպության կողմից, ինչպիսին Համաշխարհային բանկն է։ Եւ բոլոր հետազոտությունների հեղինակները համաձայն էին այն մտքի հետ, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես երկու պետություններին էլ օգտակար է»,- հայտարարեց նախարարը, ավելացնելով, որ սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի տրանսպորտային ծախսերը, նոր շուկաներ կբացի ազգային ապրանքների համար, ինչպես նաեւ առիթ կհանդիսանա կապիտալի ներհոսքին։ Նա նշեց նաեւ, որ կառավարությունը պատրաստ է այդ թեմայի շուրջ լսումներ կազմակերպել։ Իր հերթին,վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նախագահի հանձնարարությամբ, սկսել է մշակել հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքների վերաբերյալ զեկույցը։ Փաստաթղթում անդրադարձ կկատարվի հայ-թուրքական հարաբերություններին, հավաստիացրեց վարչապետը։

Ի հակառակ կառավարության ներկայացուցիչների դիրքորոշմանը, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք եւս լուրջ հետազոտություններ են իրականացրել հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքների վերաբերյալ, եւ ի տարբերություն իշխանության՝ եկել են անհուսալի եզրահանգման։