Միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալների համաձայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն իր վրա է զգացել Հայաստանի բնակչության շուրջ 70%-ը։ NEWS.am-ի թղթակիցը ուսումնասիրել է հանրապետության զբոսաշրջության ոլորտում ստեղծված իրավիճակը։
«Լևոն թրավել» ընկերությունում դժգոհել են ամառային արձակուրդների շրջանում Հայաստանի սահմաններից դուրս գնալ ցանկացողների ակտիվության զգալի անկումից։ Մասնավորապես, գործակալությունում նշել են, որ անցած տարվա համեմատ ակնհայտորեն նվազել է թուրքական Անթալիա հանգստավայր այցելել ցանկացողների թիվը։ Եվրոպայի ուղեգրերն այս ամառ նույնպես մոդայիկ չեն՝ հյուրանոցների բարձր գների պատճառով։ Գործակալության ներկայացուցիչների կարծիքով, իրավիճակը սաստկացնում է Հայաստանից մեկնելու ավիատոմսերի թանկությունը։ «Հասկանում եք, յուրաքանչյուր ավիաընկերություն սահմանում է տարադրամի իր փոխարժեքը։ Եթե այսօր Կենտրոնական բանկը, ասենք, 1 եվրոյի դիմաց սահմանել է 506 դրամ, ապա ավիաընկերություններում եվրոն գնանշվում է 530 դրամից ոչ պակաս»,- նշել են «Լևոն թրավել»-ում։
"Սպուտնիկ զբոսաշրջային գործակալությունը նույնպես դժգոհել է իր ծառայությունների սպառողների ակտիվության նվազումից, որն առաջին հերթին պայմանավորված է ավիատոմսերի թանկությամբ։ Ընկերությունում նշել են նաև, որ պահանջարկի անկում է գրանցվել նույնիսկ այնպիսի «էժան» հանգստավայրի համար, ինչպիսին վրացական Քոբուլետին է։
Իսկ այ «Սակվոյաժ թրավել» տուրիստական ֆիրման, չնայած ճգնաժամին, վերջերս է բացվել։ Նրա ղեկավար Մայա Թոխալյանը չկարողացավ գնահատել, թե որքանով է նվազել հանգստացողների ակտիվությունը։ Միաժամանակ, ըստ նրա, քաղաքացիների մեծ մասը նախընտրում է հանգստանալ Անթալիայում։ Ցավոք, ըստ նրա, ներքին զբոսաշրջությունը գործնականում չի հետաքրքրում Հայաստանի բնակիչներին, ինչը կապված է երկրում ծառայությունների մատուցման աննախադեպ բարձր գների հետ։ «Ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը։ Առաջին հերթին պետք է ստեղծել այլընտրանքային ավիաուղիներ և կտրուկ իջեցնել հյուրանոցների գները»,- ընդգծել է Թոխալյանը։
Բավական ինքնատիպ էր «Յունոնա-տուր» գործակալության ներկայացուցիչների պատասխանը։ Այն հարցին, թե ո՞ր երկիր շրջագայությունն է առավել մեծ համբավ վայելում ձեր գործակալությունում, նրանք պատասխանել են. «Գիտեք, երկրի վարչապետը բոլորին կոչ է արել հանգստանալ Հայաստանում, և մենք հետևում ենք նրա խորհրդին, առաջարկում ենք շրջագայություններ՝ Հայաստանում»։
Գուցե վարչապետին հարկ է խուրհուրդ տալ իջեցնել Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների գները, կամ էլ կոչ անել ավիաընկերություններին՝ հավատարիմ մնալ տարադրամի այն փոխարժեքին, որը սահմանել է ԿԲ-ն… Ակնհայտ է, որ դա կարելի էր անվանել հայրենական զբոսաշրջությանն աջակցելու նպատակով արված հակաճգնաժամային արդյունավետ քայլ։



























