ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր նիստ է գումարել, որը վարել է Սերժ Սարգսյանը։ Նիստին մասնակցել են առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, քննարկել են ներքաղաքական հարցերը, կուսակցության մարտավարությունը։

Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն շարունակելու է որպես դասական քաղաքական կուսակցություն իրականացնել իր գործունեությունը։

«Կառավարության ծրագրի հետ կապված՝ ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը եւ վիժեցնել ծրագրի ընդունումը։ Հնարավորություն պետք է տալ կառավարությանը՝ իրականացնել իր քաղաքական գործունեությունը։ Ինչպիսի ձեւաչափով ՀՀԿ-ն կքվեարկի, կօժանդակի կամ չի խոչընդոտի, ցույց կտա ժամանակը։ Գոտկատեղից ներքեւ հարվածներ չեն լինելու։ Տրամաբանական եմ համարում, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի, բայց քննարկումները կլինեն բովանդակային, ըստ էության, որտեղ կտեսնենք շեղում, կներկայացնենք մեր հստակ դիրքորոշումը»,- ասել է Շարմազանովը։

Նա նշել է, որ իրենց օրակարգում արտահերթ, շուտափույթ ընտրությունների հարց չկա։ «Չկա այդ հարցը նաեւ Փաշինյանի օրակարգում»,- արձանագրել է Շարմազանովը՝ նկատելով, որ կառավարությունն էլ չի առաջարկել խափանել ծրագրի ընդունումը։ «Առաջիկա մի քանի ամիսներին արտահերթ ընտրությունների անցկացումը հրատապ հարց չէ։ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտաքին եւ ներքին քաղաքակքն հարցերը գործընկեր ուժերի հետ»,- ասել է նա։