Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Բորիս Գերմանը դատարանում հայտարարել է, որ գործել է ուկրաինական հակահետախուզության կազմում իր աշխատանքի շրջանակներում։ Դատարանը Գերմանին կալանավորել է երկու ամսով, փոխանցում է «Մեդուզան»։
Գերմանի հավաստիացմամբ՝ ինքը սկսել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ այն բանից հետո, երբ իրեն է դիմել իր «վաղեմի բարեկամը», որն ապրում է Մոսկվայում եւ «Ուկրաինայում անկարգություններ կազմակերպելու Պուտինի հիմնադրամում» է աշխատում։
«Նա Ուկրաինայի քաղաքացի է, նրա անունն է Վյաչեսլավ Պիվովարնիկ։ Նա Պուտինի հիմնադրում պատասխանատու է ահաբեկչական ակտերի եւ պետական զինված հեղաշրջումների համար նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ։ Կոնկրետ պատասխանատու է ամբողջ Ուկրաինայի համար»,–հայտարարել է Գերմանը։
Ինչ դեր է այդ մարդը խաղացել Բաբչենկոյի սպանության պատվերում, Գերմանը չի հստակեցրել։
Գերմանը, իր խոսքով, հայտնել է «ներքին հետախուզության, հակահետախուզության ղեկավարությանը» այն փաստի մասին, որ իրեն է դիմել Պիվովարնիկը։ Դրանից հետո նրան հանձնարարել են ուսումնասիրել դրամական հոսքերը, որոնք Ռուսաստանից Ուկրաինա են ուղարկվում քաղաքական գործիչներին ու ահաբեկչական խմբերին ֆինանսավորելու նպատակով։
«Ռուսական աղբյուրներից» ստացված 30 մարդու անուններով ցուցակը, որոնց ենթադրվում էր սպանել, նույնպես փոխանցվել է հակահետախուզությանը։
Դատական նիստի ավարտին դատախազը հայտարարել , որ Գերմանի հայտարարությունները ճիշտ չեն. «Նա Ուկրաինայի անվտանգության ծառայության կամ հակահետախուզության գործակալ չէ եւ չի եղել»,–մեջբերում է ՈՒՆԻԱՆ–ը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Բորիս Գերմանին մատնանշել է որպես լրագրող Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձի կազմակերպիչ։ Նշվում է, որ նա գործել է Ռուսաստանի պատվերով եւ պատրաստվում է եւս 30 մարդու սպանել։
Մայիսի 31-ին Դոնբասում մարտական գործողությունների մասնակից Ալեքսեյ Ցիմբալյուկը հայտարարել է, որ իրեն է հանձնարարված եղել սպանել Բաբչենկոյին։ Նրա խոսքով՝ ստանալով պատվերը՝ նա դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայություն։





























