Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքողները այսօր պատրաստվում են էլ ավելի մասշտաբային ակցիա անցկացնել: Հանրահավաքը կվերսկսվի 16:00-ին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Նախօրեին «Մի՛ սպանիր» ակցիայի կազմակերպիչները խորհրդարանի շենքի առջեւ վրաններ են տեղադրել: Ամբողջ գիշեր այնտեղ են մնացել Խորավա փողոցում սպանված դեռահասի հայրը՝ Զազա Սարալիձեն եւ նրա մի քանի տասնյակ կողմնակիցներ:
«Մենք վրաններ ենք տեղադրել անձրեւից պաշտպանվելու համար: Զազան եւ նրա կողմնակիցներն այստեղից չեն հեռանում, վաղը Վրաստանի բոլոր շրջաններից մարդիկ կգան, եւ 16.00-ին կսկսվի ավելի մասշտաբային ակցիա, քան այսօրվանն էր»,- հայտարարել են ցուցարարները:
Նախօրեին ակցիայի մասնակիցները կեսգիշերից հետո հեռացել են: Արդեն գիշերվա ժամը 2-ին Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Մայիսի 31-ի երեկոյան խորհրդարանի մոտ է հավաքվել մի քանի հազար մարդ: Հանրահավաքին, մասնավորապես, մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մարզիկներ եւ դպրոցականներ: Մեծ թվով մարզիկներ հրաժարվել են մասնակցել այսօրվա ակցիային: Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են համերաշխություն հայտնել զոհված դեռահասի հորը, սակայն ցուցարարների քաղաքական պահանջներն իրենց համար անընդունելի են:
Նախօրեին Թբիլիսիի ակցիային զուգահեռ՝ Սարալիձեի աջակցության հանրահավաքներ են տեղի ունեցել Բաթումիում, Զուգդիդիում եւ Փոթիում:
Հիշեցնենք, որ Զազա Սարալիձեն հանրահավաք է նախաձեռնել Թբիլիսիում 2017 թվականի դեկտեմբերի 1-ին 2 դեռահասների դաժան սպանության գործով դատական նիստից հետո:
Թբիլիսիի քաղաքային դատարանը չէր բավարարել դատախազության միջնորդությունը եւ ամբաստանյալներից ոչ մեկին մեղավոր չէր ճանաչել 16-ամյա Դավիթ Սարալիձեի սպանության մեջ: Դատարանի որոշումը ցնցել էր Զազա Սարալիձեին: Նա հայտարարել էր, որ այս հանցագործությունը դատախազությունը պատշաճ չի քննել, որը հովանավորում է այս գործի մի քանի ֆիգուրանտների:
Ակցիայի մասնակիցների պահանջը, որը նախապես ընթացել է դատախազության շենքի դիմաց, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականն էր: Բողոքի ֆոնին դատախազը հրաժարական է ներկայացրել, սակայն դա ցոցարարներին չի բավարարել: Գլխավոր դատախազության շենքից տեղափոխվելով խորհրդարանի շենքի մոտ՝ նրանք նոր պահանջ են առաջ քաշել՝ Վրաստանի կառավարության հրաժարականի:
Նախօրեին հանրահավաքին է ներկայացել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, սակայն նրան թույլ չեն տվել դիմել բազմամարդ ակցիայի մասնակիցներին:
Ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ Կվիրիկաշվիլին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ: Միաժամանակ, նա խոստացել է, որ 2 դեռահասների սպանության գործը քննության կվերադարձվի:




























