Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանի կարծում է, որ Թբիլիսիում դեռահասների սպանության մասին գործը հետաքննել հնարավոր է միայն վկաների կողմից ցուցմունքների առկայության դեպքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Մենք պետք է պայմանավորվենք, որ երբ սպանություն է տեղի ունենում, եւ մենք բախվել ենք այդ փաստի հետ, պետք է դրա մասին ճիշտն ասել»,- Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է արդարադատության նախարարը:

Ցուլուկիանին հիշեցրել է, որ 2017 թվականի սեկտեմբերին Թբիլիսիի Խորավա փողոցի վրա երկու 16-ամյա դպրոցականի սպանության դեպքի ականատեսներ են եղել այն շենքի բնակիչները, որի բակում եւ տեղի է ունեցել միջադեպը: Մինչդեռ ցուցմունքներ տվել է շենքի միայն 4 բնակիչ, մնացածն օգտվել է լուռ մնալու իրավունքից: «Սա բավարար չէ ճշմարտությունը պարզելու համար»,- նշել է Ցուլուկիանին:

Նախարարը համոզված է, որ առանց վկաների ցուցմունքների հնարավոր չէ հետաքննել գործը, որի պատճառով Իրակլի Շոթաձեն նախօրեին հրաժարական էր տվել գլխավոր դատախազի պաշտոնից: «Ճշմարտությունը գիտեն միայն վկաները: Ճշմարտությունը չեն կարող իմանալ Իրակլի Շոթաձեն, դատախազը, քննիչը եւ դատավորը, որոնք այնտեղ չեն եղել: Քննիչը հրաշքներ չի գործում, եւ հրաշագործ չի կարող լինել ոչ Իրակլի Շոթաձեն, ոչ էլ ապագա գլխավոր դատախազը, ով էլ որ նա լինի: Եթե վաղը խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակի այն անձին, ով պահանջել է Իրակլի Շոթաձեի հրաժարականը, նույնիսկ նա չի կարող հետաքննել գործը, եթե վկաները չեն ասում, թե ինչ են տեսել»,- ասել է Ցուլուկիանին:

Հարցին, թե ինչ կարող է փոխվել հետաքննության ընթացքում, եթե բոլոր վկաները շարունակում են հրաժարվել համագործակցել հետաքննության հետ, Ցուլուկիանին պատասխանել է, որ նա հույս ունի, որ դեռահասները, ովքեր չեն ցանկացել ճշմարտությունն ասել քննիչներին, կասեն դա խորհրդարանում, որտեղ արդեն իսկ քննչական հանձնաժողով է ստեղծվել:

«Չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր: Կարեւորն այն է, որպեսզի մենք՝ տուժածները, հետաքննությունը, բոլորս միասին, լինենք ճշմարտության կողմը»,- ասել է Ցուլուկիանին: