ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է կուսակցություն ստեղծել: «Եթե մտածեք պարզ տրամաբանորեն, կհասկանաք, որ դա անիմաստ է, անտրամաբանական է: ՀՀ նախագահը կուսակցական չէ եւ իր պարտականությունները կատարելու համար պետք է վեր կանգնած լինի բոլոր քաղաքական, կուսակցական պրոցեսներից»,-նշել է նա Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» բարեգործական կազմակերպություն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ինչպիսի երկիր պետք է լինի Հայաստանը, որում երեխաներն իրենց լիովին պաշտպանված զգան, Արմեն Սարգսյանն ասաց, որ Հայաստանը մի օր այնպիսի երկիր պետք է լինի, այնքան լավ լինի, որ «Օրրան»-ը փակի. «Այսինքն՝ այնքան լավ լինի երկիրը, որ այսպիսի կենտրոնների կարիք չլինի: Յուրաքանչյուր երեխա իր դպրոցում եւ տանը ստանա այն ամենը, ինչի կարիքն ունի, ինչի մասին երազում է»:
Անդրադառնալով ուսանողների բողոքի ակցիաներին, որոնք ցանկանում են, որ փոփոխությունները մտնեն նաեւ բուհեր, այդ թվում ԵՊՀ, ՀՀ նախագահն ասաց. «Իհարկե, փոփոխությունները պետք են: Ես ՀՀ նախագահն եմ, որը ընտրվել է նրա համար, որ օրենքն ու օրինականությունը գործեն: Իհարկե, փոփոխությունները պետք են եւ ոչ միայն Մայր բուհում ու կրթական ոլորտում: Դրանք պետք են լինեն մանկապարտեզում, դպրոցում: Փոփոխություններ են պետք նաեւ մտածելակերպի մեջ: Հարցն այն է, թե ինչպես ենք դա անում: Այնպես անենք, որ դա երկարաժամկետ լինի, որ արդյունք տա»:
Նա տեղեկացրեց, որ ուսանողներին հրավիրել է նախագահական նստավայր եւ այդ հարցերը եւս կքննարկի:
Նա խոսեց նաեւ իր մանկության տարիներից. «Ունեցել եմ պայծառ օրեր եւ տխուր օրեր: Սովորական հայ երեխայի մանկություն եմ ունեցել՝ ուրախ եւ դառը օրերով: Ապրել եմ Դեմիրճյան փողոցում, տեղը կոչվում էր Կոզեռն: Հոյակապ օր եմ ունեցել, երբ 1963-ին տատիկս արտասահմանից եկավ մեզ այցելության: Սակայն ունեմ նաեւ տխուր հիշողություններ, երբ 1964-ին հայրիկիս կորցրեցի, երբ դեռ 11 տարեկան էի»:
Արմեն Սարգսյանը նշեց՝ իր կինն ավելի երջանիկ է, քանի որ ավելի շատ ժամանակ ունի թոռների հետ անցկացնելու: «Երբ մեծ հայր ես դառնում, շատ ավելի ես գնահատում եւ հասկանում փոքր երեխաներին, քան երբ ծնող ես: Ծնող եղած ժամանակ ես եւ իմ շատ ընկերներ մտածում էինք, որ երեխաները պետք է կրկնեն մեզ: Սակայն, երբ մեծանում ես, ավելի իմաստուն ես դառնում ու հասկանում, որ յուրաքանչյուր երեխա ծնվում է հանճարեղ, ունի որոշակի տաղանդ եւ իր կյանքը պիտի ունենա: Իսկ քո գործն է՝ օգնել նրան, որ իր տաղանդը հայտնաբերի: Մեկի տաղանդը համբուրգեր սարքելն է, մյուսինը՝ ֆիզիկոս լինելը: Յուրքանչյուր երեխա անհատականություն է»:




























