Թվային մարքեթինգում միջազգային շուկա դուրս գալը չի նշանակում պարզապես տարբեր երկրներում գրասենյակներ բացել։ Սա լուրջ մարտահրավեր է, որը  ցույց է տալիս, թե որքանով է տվյալ ընկերությունն ունակ իր փորձն իրացնել տարբեր մշակույթներում, բիզնես միջավայրերում ու մեդիա տիրույթներում։ Չէ՞ որ մեկ շուկայում փորձված բանաձևերը մյուսում կարող են ընդհանրապես չաշխատել։

Prodigi-ի համար այս ճանապարհը սկսվեց Երևանում՝ 2017 թվականին։ Այժմ ընկերությունը սպասարկում է միջին ու խոշոր բիզնեսների 17 երկրում, ունի գրասենյակներ 3 երկրում և 50+ որակավորված մասնագետներից կազմված թիմ։ Դրան զուգահեռ՝ ընկերությունն անընդհատ զարգացնում է սեփական գովազդային տեխնոլոգիաները։

Ներկայում Prodigi-ի միջազգային գործունեությունը ծավալվում է երկու հիմնական ուղղությամբ։ Գլխամասային թիմը, որը գտնվում է Հայաստանում, աշխատում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների հաճախորդների հետ։ Միաժամանակ Native Network-ը՝ Prodigi-ի սեփական գովազդային հարթակը, լոկալ թիմերով գործում է Հայաստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։

Այս տարանջատումը ընկերության միջազգային ռազմավարության հիմնքն է. Prodigi-ն արտահանում է իր մարքեթինգային փորձառությունը ողջ աշխարհում, իսկ Native Network-ը զարգացնում է գովազդային ենթակառուցվածքներ Կենտրոնական Ասիայում՝ դրանք ադապտացնելով տեղական շուկաներին։

Միջազգային բիզնեսի ստեղծումը Հայաստանում

Prodigi-ն հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել հայկական թվային ընկերություն, որը մրցունակ կլինի ոչ միայն տեղական շուկայում, այլև դրա սահմաններից դուրս։

Այսօր ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայությունների ամբողջական փաթեթ՝ performance marketing, սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM), որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO), կայքերի մշակում, անալիտիկա, դիզայն, կրեատիվ ու վիդեոների ստեղծում։  Հաճախորդների ցանկում հիմնականում միջին ու խոշոր ընկերություններ են տարբեր ոլորտներից՝ բանկային համակարգ, արագ սպառման ապրանքներ, ավտոարտադրություն, հեռահաղորդակցություն, ավիացիա, առողջապահություն, անշարժ գույք, տեխնոլոգիաներ և այլն։ Բազմաթիվ են համագործակցությունները միջազգային հայտնի բրենդների հետ, օրինակ՝ Porsche, Pepsi, DNV, Bayshore HealthCare, AtkinsRéalis: Ընկերության առաջին միջազգային նախագիծն իրականացվել է HowStuffWorks-ի համար։ Դրան հաջորդեցին նոր համագործակցություններ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և այլ շուկաների ընկերությունների հետ։ 

Ընկերությունը պրոյեկտներ է իրականացնում նաև պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների համար, որոնց թվում են UNDP-ն, GIZ-ը, World Vision-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը,  Զբոսաշրջության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, ԱՄԷ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը և այլն։

«Միջազգային աճը մեզ սովորեցրեց, որ բիզնեսում խորքային փորձառությունը նույնն է բոլոր տեղերում, բայց հաղորդակցության մոտեցումներն ու աշխատանքի ոճը ամեն շուկայի համար պետք է տարբեր լինեն։ Յուրաքանչյուր շուկա ունի իր սպասելիքները, պահանջներն ու մշակութային առանձնահատկությունները։ Մեզ համար ռազմավարական կարևոր դեր ունի բարձր որակ ապահովելը՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով նրան, որ աշխատանքը տեղական շուկայում ընկալվի բնական ու օրգանիկ»,— նշում է Prodigi-ի տնօրեն և համահիմնադիր Աիդա Ոփյանը։

Լոկալիզացիան ավելին է, քան պարզապես թարգմանությունը

Տարբեր շուկաների հետ աշխատանքը ցույց է տալիս, որ լոկալիզացիան չի սահմանափակվում միայն գովազդը թարգմանելով։

Հայաստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը տարբերվում են մշակույթով, վիզուալ նախասիրություններով, մեդիա սովորույթներով ու բիզնես հաղորդակցության ոճով։ Միևնույն գովազդային միտքը մեկ շուկայում կարող է վստահություն ներշնչել, իսկ մյուսում՝ լինել անհամապատասխան և ոչ տեղին։

Սա ակնհայտ է հատկապես, երբ աշխատում ես միջազգային բրենդների արշավներում։ Օրիակ՝ Pepsi-ն, BYD-ն, Honor-ն ու Porsche-ն յուրաքանչյուր շուկայի համար հարմարեցնում են կրեատիվ նյութերը, ուղերձները, առաջարկներն ու մեդիա ռեսուրսները։ Բրենդի միջազգային ձեռագիրը պահպանելը կարևոր է, բայց արդյունավետ գովազդի համար, միևնույն է, պահանջվում է լոկալ մեկնաբանություն։

Լոկալիզացիան ազդում է գովազդի լեզվի ու տոնայնության, վիզուալներում ներկայացված մարդկանց ու ապրելակերպի, էմոցիոնալ և ռացիոնալ ուղերձների հավասարակշռության, ինչպես նաև հաղորդակցության մեջ ընտանիքի, համայնքի ու սոցիալական դիրքի մեկնաբանության վրա։ 

Native Network. հայկական գովազդային տեխնոլոգիաները՝ միջազգային շուկայում

Native Network-ը ստեղծվել է Հայաստանում՝ որպես Prodigi-ի սեփական գովազդային ցանց։

Հայաստանում հարթակը լրացնում է ընկերության ծառայությունների ամբողջական փաթեթը՝ գովազդատուներին հնարավորություն տալով տեղադրել բաներային, վիդեո և ինտերակտիվ գովազդներ տեղական ցանցում, ուր ներառված են առաջատար լրատվական, ժամանցային ու մասնագիտական կայքեր։

Հարթակը շուկայում լուծում է միանգամից 2 գործնական խնդիր․ գովազդատուներին տրամադրում է արդյունավետ լուծում՝ իրենց լսարանին հասնելու համար, իսկ կայքերին՝ լրացուցիչ հնարավորություններ՝ սեփական բովանդակությունը մոնետիզացնելու համար։

Կենտրոնական Ասիայի շուկա մուտք գործելիս Prodigi-ն չկրկնօրինակեց Հայաստանում արդեն փորձված մոդելը։ Ուզբեկստանում և Ղրղզստանում ընկերությունը շուկա դուրս եկավ հենց Native Network-ով՝ որպես տեղական պահանջներին հարմարեցված առանձին գովազդային և մեդիա հարթակ։

Native Network-ի 5 տարին Ուզբեկստանում

Prodigi-ն Ուզբեկստանում իր գործունեությունը սկսեց 2021-ին՝ Տաշքենդում ձևավորելով տեղական թիմ։ Native Network-ը պաշտոնապես ներկայացվեց 2022-ին՝ դառնալով Ուզբեկստանի առաջին տեղական գովազդային ցանցը։

Հարթակին միացել են տեղական առաջատար լրատվական, ժամանցային ու սպորտային կայքեր, ինչպիսիք են Kun.uz-ը, Daryo.uz-ը, Nuz.uz-ը, Darakchi.uz-ը, Sports.uz-ը, Xabar.uz-ն ու Aniq.uz-ը։

Ընկերությունը ակտիվ գործունեություն ունի նաև Ուզբեկստանում մարքեթինգի ոլորտի զարգացման մեջ։ Tashkent Marketing Forum 2026-ին Native Network-ի տարածաշրջանային տնօրեն Վալերի Հախվերդյանը ներկայացրեց հետազոտություն, որը բացահայտեց Ուզբեկստանում թվային մեդիայի իրական պոտենցիալը։ Ըստ ներկայացված տվյալների՝ ուզբեկական լոկալ հարթակներն ընդհանուր առմամբ ապահովում են հասանելիություն շուրջ 17 միլիոն մարդու։ Ընդ որում՝ լսարանի մոտ 93%-ը գտնվում է Ուզբեկստանում, իսկ թրաֆիկի մինչև 90%-ը գալիս է մոբայլ սարքերից։

«Ուզբեկստանի շուկա մուտք գործելը հաստատեց, որ տեղական մեդիա հարթակները չի կարելի դիտարկել որպես երկրորդական գովազդային ռեսուրս։ Մարդիկ դրանցից օգտվում են ամեն օր, և սա բրենդների համար իրական հնարավորություն է՝ շփվելու լսարանի հետ նրանց համար ծանոթ ու վստահելի միջավայրում, իսկ սա հնարավոր է միայն ճիշտ ընտրված լեզվի և մշակութային երանգների իմացության շնորհիվ»,— նշում է Ուզբեկստանում և Ղրղզստանում Native Network-ի տարածաշրջանային տնօրեն Վալերի Հախվերդյանը։

Արդեն 5 տարի Native Network-ն աշխատում է ֆինանսների, հեռահաղորդակցության, ավտոարտադրության, արագ սպառվող ապրանքների, առևտրի, ավիացիայի և տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ։ Հարթակի հաճախորդների ու գործընկերների ցանկում են UZCARD-ը, Mastercard-ը, Ipak Yuli Bank-ը, Artel-ը, PepsiCo-ն, Centrum Air-ը,Mobiuz-ը, OLX-ը, Apple-ը, Wildberries-ը, BYD-ն, Kia-ն և Yandex-ը։

Native Network-ը Ուզբեկստանի մարքեթինգային ասոցիացիայի և երկրի մասնագիտական համայնքի ակտիվ անդամ է։ Եղել է TAF!25-ի՝ Տաշքենդի գովազդային փառատոնի գործընկերը, իսկ 2026 թվականին հանդես է եկել որպես Tashkent Marketing Forum-ի «Թվային մարքեթինգ» բաժնի գործընկեր։

Մուտք Ղրղզստան

Native Network-ը պաշտոնապես մուտք գործեց Ղրղզստանի շուկա 2026-ի հունվարին։

Ինչպես Ուզբեկստանում, այնպես էլ այստեղ այն մեկնարկեց գործունեությունը որպես տեղական գովազդային ցանց։ 3 հոգուց բաղկացած թիմը սկսեց կապեր հաստատել ղրղզական առաջատար լրատվական ու ժամանցային կայքերի հետ և հարթակը ներկայացնել գովազդատուներին։

Առաջին իսկ տարում ցանցը սկսեց համագործակցել 5 խոշոր հաճախորդների հետ, որոնց թվում է Mirinda-ն։

Ղրղզստանի թիմի աշխատանքը հիմնված է Prodigi-ի գովազդային փորձի ու տեխնոլոգիաների վրա, որոնք լրացվում են մասնագետների գիտելիքներով ու կապերով։ Գովազդային լուծումները, կոմերցիոն մոտեցումն ու հաղորդակցությունը հատուկ հարմարեցված են ղրղզական շուկային։

Թեև Ուզբեկստանն ու Ղրղզստանը  երկուսն էլ Կենտրոնական Ասիայում են, դրանք ունեն տարբերվող մեդիա համակարգեր, տարբեր են նաև լսարանի սպասելիքներն ու բիզնես մշակույթը։ Երկու երկրներում էլ Prodigi-ի համար աճը հնարավոր է դառնում ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ աշխատանքային մոդելի տեղայնացման շնորհիվ։ 

Միջազգային ճանաչում և աճի հաջորդ փուլ

Prodigi-ն ունի Google Partner կարգավիճակ, նաև տարիներ շարունակ Yandex-ի տարածաշրջանային գործընկերն է։

2025-ի նոյեմբերին ընկերությունը ներկայացրեց Հայաստանը Բանգկոկում անցկացված GALA 2025-ին՝ միջազգային առաջատար գործակալությունների շարքում, և արժանացավ Leading Partner 2025 պարգևին։ Prodigi-ն Հայաստանից մասնակցող միակ ընկերությունն էր։ 

Ընկերությունը նաև ունի պաշտոնական սերտիֆիկացիա Meta Community Management փորձի համար։ Հայաստանում Prodigi-ն շարունակում է նպաստել թվային մարքեթինգի ոլորտի զարգացմանը՝ կազմակերպելով կրթական միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ և իրականացնելով ուսումնասիրություններ մեդիայի, տեղական գովազդային ցանցերի, SEO-ի, SMM-ի և արհեստական բանականության (AI) թեմաներով։

Այսպիսով, Prodigi-ի ընդլայնումը համադրում է երկու տարբեր մոդել. Հայաստանում թվային մարքեթինգի ամբողջական գործիքակազմով ընկերություն, որը սպասարկում է միջազգային հաճախորդներին, և սեփական գովազդային հարթակ, որը տեղական թիմերի շնորհիվ զարգանում է Ուզբեկստանում ու Ղրղզստանում։

«Երբեք չենք ունեցել նպատակ նույն մոդելը կուրորեն կրկնօրինակել բոլոր երկրներում։ Մենք նախ հասկանում ենք, թե յուրաքանչյուր շուկա ինչի կարիք ունի, և փորձում ենք առաջ տանել մեր փորձի այն մասը, որն ամենամեծ արժեքը կստեղծի տվյալ շուկայում։ Հայաստանում դա թվային ամբողջական էկոհամակարգն է, իսկ Ուզբեկստանում ու Ղրղզստանում՝ Native Network-ն ու լոկալ շուկային հարմարեցված գովազդային ենթակառուցվածքները»,— նշում է Աիդա Ոփյանը։

Հիմնադրման օրից մինչև միջազգային շուկա մուտք գործելը Prodigi-ն առաջնորդվել է մեկ հստակ սկզբունքով. միջազգային աճի հիմքում պիտի լինի տեղական շուկաներին համապատասխանությունը։

Աճի հաջորդ փուլում ընկերությունը շարունակելու է համադրել տարիների ընթացքում ձևավորված փորձը, սեփական տեխնոլոգիաները, միջազգային կապերն ու տարբեր երկրներում տեղակայված թիմերի աշխատանքը՝ ապացուցելով, որ Հայաստանում ստեղծված բիզնեսը կարող է մրցունակ լինել նաև միջազգային շուկայում՝ միշտ հարազատ մնալով յուրաքանչյուր շուկայի իրականությանը։