Օգոստոսի 28-ին Ալմաթիի (Ղազախստան) օդանավակայանում բռնկվել է FlyArystan-ի ինքնաթիռը, Air Astana խմբի մեկ աշխատակից տուժել է։ Այս մասին «Интерфакс-Казахстан» գործակալությանը հայտնել են Air Astana ավիաընկերության մամուլի ծառայությունից։
«FlyArystan-ի օդանավում պլանային տեխնիկական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել արտադրական միջադեպ։ Աշխատանքների կատարման ժամանակ տեղի է ունեցել տեղային հրդեհ, որը օդանավակայանի արտակարգ ծառայությունների կողմից օպերատիվորեն մարվել է։ Air Astana խմբի աշխատակիցը վնասվածքներ է ստացել», — հայտնել են մամուլի ծառայությունից։
Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն, որից հետո Air Astana-ի աշխատակցին դուրս են գրել հիվանդանոցից։
Air Astana-ի տեղեկությամբ՝ արտակարգ դեպքի պահին օդանավում ուղևորներ և անձնակազմի անդամներ չեն եղել։ Այժմ ինքնաթիռը ժամանակավորապես հանվել է շահագործումից, ներկայում իրականացվում են վնասների աստիճանի գնահատում և վերանորոգման աշխատանքներ։ Ընկերությունում հավելել են, որ Air Astana խումբը Ալմաթիի միջազգային օդանավակայանի հետ միասին պարզում է տեղի ունեցած արտադրական միջադեպի հանգամանքները։




























